Թանգարանների համաշխարհային օրւայ առթիւ, մայիսի 17-ին, հրապարակւեց Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի Իրանի գրասենեակի կազմակերպութեամբ, Իրանի լաւագոյն թանգարանի 16-րդ մրցութային միջոցառման արդիւնքը, որտեղ Նոր Ջուղայի Հայոց Երաժշտական թանգարանը եօթ ցուցանիշներում նւաճեց՝ չորս առաջին, մէկ երկրորդ եւ երկու երրորդ կարգեր: «Ուսուցանում եւ հետազօտութիւն թանգարանների համար» խորագրով այս մրցոյթին մասնակցել էին աւելի քան 100 թանգարաններ եւ լաւագոյնների ընտրութիւնը կատարւել է 45 հոգանոց արհեստավարժ իրաւարար կազմի միջոցով:
Այս շրջագծում Նոր Ջուղայի Հայոց Երաժշտական թանգարանը առաջին պատւաւոր տեղն է գրաւել հետեւեալ ցուցանիշներում.
ա. Թանգարանի ծանօթացում. անցնող երկու տարիների ընթացքում այս նորաստեղծ թանգարանը հանրութեանն առաւել չափով ծանօթացնելու նապատկով իրագործւել են բազմաթիւ աշխատանքներ, ինչպիսին են՝ Թանգարանների համաշխարհային օրւայ առթիւ կենդանի ծրագրի սփռումը, երաժշտութեան թեմայով միջոցառումների կազմակերպումը, Սպահանի միջազգային զբօսաշրջութեան ցուցահանդէսին մասնակցութիւնը, համացանցային եւ արդի այլ միջոցներով թանգարանի ծանօթացումը, թանգարանի տնօրէնի մասնակցութիւնը ԻԿՕՄ-ի երկշաբաթօրեայ հաւաքներին եւ այլն:
բ. Հետազօտութիւն, որտեղ գործունութեան քանակական եւ որակական մակարդակը բարձրացնող աշխատանքների ծիրում մեծ ուշադրութիւն են գրաւել՝ թանգարանի արհեստանոցը, ուր պատրաստւում են զանազան նւագարաններ եւ Սպահանի Արւեստի համալսարանի վերանորոգման ֆակուլտետի հետ համագործակցութիւնները՝ հին նւագարանները նորոգելու նպատակով:
գ. Ստեղագործութիւն եւ նորարարութիւն. այստեղ ուշադրութեան է արժանացել գետնի դաշնամուրը, թանգարանի «Անւանի երաժիշտներ» սարհում պատկան ստեղծագործութիւներն ունկնդրելու համար տեղադրւած թաբլետները, Ս. Ծննդեան տօնի առթիւ երաժշտական միջոցառումները, երաժշտական երեկոները եւ այլն: Ս. Ծննդեան տօնի եւ այլ առթիւներով անցկացւած երաժշտական միջոցառումներն ու այլն:
դ. Մանկա-պատանեկան չափորոշիչներ, որտեղ նշւել են՝ յարմարաւէտ միջավայրի ստեղծումը մատաղ սերնդին երաժշտութեան հետ առաւել ծանօթացնող միջոցառումներ կազմակերպելու համար եւ մուզիկալ հեքիաթասացութեան ծրագրերի կազմակերպումը:
Թանգարանը երկրորդ տեղն է գրաւել՝ «Կառավարման զարգացում», իսկ երրորդ է հանդիսացել «Հաշմանդամների եւ անձնուրացների օգտագործման համար յարմարութիւններ» ու «Թանգարանի նիւթերի համալրման համար նոր հաւաքածուների հաւաքագրում» չափորոշիչներում:
Հարկ է աւելացնել նաեւ, որ Երաժշտական թանգարանը մեծ կարեւորութիւն տալով համշմանդամներին՝ իր հիմնադրման առաջին օրերից փորձել է հանրութեան մէջ տարածել՝ հաշմանադմների բուժման համար երաժշտութեան բուժիչ յատկութիւններից առաւել չափով օգտագործելու գաղափարը եւ ելնելով հէնց այս փաստից բազմաթիւ անգամներ թանգարանի տարածքը անվճար կերպով տրամադրել է այս նպատակով կազմակերպւող միջոցառումների հովանաւորներին: